Հայաստանում ստեղծվել է «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվելու է Մարտի 1-ի գործով արդեն նախկին քաղբանտարկյալների քրեական գործերի արդարացմանը հասնելու գործունեությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ հուլիսի 30-ին` շաբաթ օրն է տեղի ունենալու «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, դեռևս ընդհանրական որոշում չկա, բայց, իմ կարծիքով, հիմնական խնդիրներից մեկը լինելու է քաղբանտարկյալների արդարացման հարցը: Դուք գիտեք, որ այժմ Մարտի 1-ի գործով դատական հայցերը գտնվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, և, իմ կարծիքով մեր գործունեությունը պետք է ուղղված լինի Եվրոպական դատարանում հաղթելուն, ինչպես նաև նոր հանգամանքների բերումով հայաստանյան դատարաններում նոր դատավարություններ սկսելուն: Գիտեք նաև, որ մեր բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են, սակայն, հնարավոր է, շատերին չի հետաքրքրում, թե ինչ պայմաններում են նրանք ազատության մեջ: Մենք պետք է հասնենք յուրաքանչյուր քաղբանտարկյալի արդարացման վճռին: Մեր գործունեությունը պետք է ուղղված լինի նաև նրան, որ ապագայում այլևս երբեք ոչ մի քաղբանտարկյալ չլինի Հայաստանում»,- ասել է Փաշինյանը:
Epress.am-ի հետ զրույցում Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը կարծիք է հայտնել, որ կազմակերպությանը կանդամակցեն Մարտի 1-ի գործով անցնող բոլոր քաղբանտարկյալները:
«Քանի որ ես Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ չեմ եղել, այդ իսկ պատճառով չեմ անդամակցի, սակայն համագործակցության, արխիվների և տեղեկատվության տրամադրման հարցում մեծ սիրով աջակցելու ենք կազմակերպությանը»,- ասել է նա: