2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի B խմբում, որտեղ մեր թիմի հետ միասին ընդգրկվել են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:
Աշխարհի գավաթի ընտրական փուլի վիճակահանությունը կայացավ երեկ բրազիլական Ռիո-դե-Ժանյերո քաղաքում:
Եվրոպական գոտու 53 թիմերը բաժանվել են 9 խմբի: Աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճելու խմբերի հաղթողները, իսկ 9 խմբերից 8-ում լավագույն ցուցանիշ ապահոված երկրորդ թիմերը կազմելու են 4 զույգ` սեփական և մրցակցի հարկի տակ մեկական հանդիպում անցկացնելով:
Զույգերի 4 հաղթողները նույնպես խաղալու են Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում:
Անմիջապես վիճակահանությունից հետո ֆուտբոլային մասնագետները նշել են, որ այն խումբը, որտեղ ընդգրկված է Հայաստանի ընտրանին, իր կազմով ուժեղագույններից մեկն է: Որպես Իտալիայի հավաքականի հիմնական մրցակից նշում են Չեխիայի և Դանիայի հավաքականները:
Նշենք, որ վերջին երկու թիմերի հետ Հայաստանը հանդիպել է ընտրական մրցաշարերում: 1996 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր թիմը երկու անգամ զիջել է դանիացիներին` 0:2 և 1:3 հաշիվներով:
2006 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում Հայաստանը հանդիպել է Չեխիայի ընտրանու հետ և նույնպես երկու անգամ պարտվել 0:3 և 1:4: Իտալիայի հավաքականի հետ իր պատմության ընթացքում Հայաստանի ընտրանին դեռևս չի հանդիպել:
2014թ. Աշխարհի գավաթի վիճակահանություն, եվրոպական գոտի.
A խումբ
Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս
B խումբ
Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա
C խումբ
Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան
D խումբ
Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա,Ռումինիա, Էստոնիա, Անդորրա
E խումբ
Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա
F խումբ
Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հյուսիսային Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ
G խումբ
Հունաստան, Սլովակիա, Բոսնիա-Հերցեգովինա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտեյն
H խումբ
Անգլիա, Չեռնոգորիա, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո
I խումբ
Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա