Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը գտնում է, որ Հայաստանը չի կարող երաժիշտներին ապահովել այն ամենով, ինչ նրանց տալիս են այլ երկրները: Այդ իսկ պատճառով երաժիշտը չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հախնազարյանը պատմել է Չայկովսկու մրցույթի և իր ապագա ծրագրերի մասին:
«Ես դեռ մրցույթի ավարտից առաջ ասում էի, որ այս տարի թավջութակահարների մրցույթը եղել է ամենաուժեղը, իրոք, բարձրագույն մակարդակ էր: Հայաստանը չի կարող երաժիշտներին ապահովել այն ամենով, ինչով այլ երկրները կարող են: Մոտ ապագայում չեմ պլանավորում մշտական մնալ Հայաստանում, բայց կգամ, մաստեր-կլաս կտամ, մարզերում համերգներ կտամ: Եթե մենք չանենք, ապա էլ ո՞վ: Շուտով պատրաստվում եմ տեղափոխվել Եվրոպա: Նվագելու եմ Տոկիոյում, Լոնդոնի ազգային ֆիլհարմոնիկում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում տուրերի եմ գնալու»,- ասել է Հախնազարյանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երիտասարդ երաժիշտը պատմել է, որ մաստեր-կլասի դասեր է ստացել աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ:
«Մստիսլավ Ռոստրոպովիչն ինձ շատ է օգնել, ես միակ թավջութակահարն եմ եղել, որ իր ֆոնդի կողմից ճամփորդել եմ: Երբ նա Ռուսաստանում էր լինում, ինքն էր զանգում և ցանկություն հայտնում լսել ինձ, շատ ջերմ հայրական հարաբերություններ կային», – 2007 թվականին մահացած աշխարհահռչակ թավջութակահարի մասին պատմել է Հախնազարյանը: