Ռուսաստանում ավանդաբար ամռանն անցկացվող «Սելիգեր 2011» երիտասարդական հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին, այդ թվում զրուցել է նաև Հայաստանից մեկնած Անի Ալավերդյանի հետ:
Վերջինս նշել է, որ ինքը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և հրավիրել է Վլադիմիր Պուտինին այցելել Ծաղկաձորում կայանալիք ԱՊՀ երկրների երիտասարդական համաժողով:
«Հայ երիտասարդության անունից խնդրում ենք աջակցել մեզ և այցելել Ծաղկաձոր», – Ալավերդյանի խոսքերն է մեջբերում ՌԴ կառավարության կայքը:
Պուտինը հետաքրքրվել է, թե երբ է անցկացվելու երիտասարդների հավաքը և հարցրել է` արդյոք այն ամենամյա է:
Ալավերդյանը պատասխանել է, որ հավաքը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և այն նախատեսված է օգոստոսի 20-ին:
«Ցանկանում եմ հայ երիտասարդների անունից… Խնդրում եմ, այցելեք մեզ», – ասել է Ալավերդյանը:
Պուտինը խոստացել է մտածել այդ մասին:
Նշենք, որ ավելի վաղ «Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում նույն խնդրանքով դիմել էր Ռուսաստանի վարչապետին:
Խմբի հայ օգտատերերը կոչ էին անում բոլորին ակտիվ լինել, որպեսզի «Պուտինը լսի մեր խնդրանքը, ցանկությունը և մասնակցի այս տարվա երիտասարդական ֆորումին»:
«Հայաստանի երիտասարդական կառավարության» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երիտասարդների հավաքը «անցկացվելու է օգոստոսի 20-ից 30-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո»: Հավաքի ընթացքում անկացվելու են տարատեսակ դասընթացներ, ժամանցային միջոցառումներ, մրցույթներ և այլն: