ՀՀ վճռաբեկ դատարանում օրերս տեղի ունեցած շնորհանդեսից հետո դատական համակարգում և իշխանական շրջանակներում սկսել են լուրեր շրջանառվել նշված դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ անցած ուրբաթ` հուլիսի 29-ին, տեղի է ունեցել «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով 2009-2010 որոշումների ընտրանի»-ի շնորդհանդեսը, որին հրավիրված են եղել նախարարությունների, գերատեսչությունների, իրավապահ մարմինների ղեկավար կազմը, բայց հրավիրված առաջին դեմքերից ոչ մեկը հրավերը չի ընդունել` իրենց բոյկոտն արտահայտելով ընդդեմ Արման Մկրտումյանի:
Վերջինս «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նախարարությունների, գերատեսչությունների, իրավապահ մարմինների առաջին դեմքերը, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրավիրվել են, բայց նրանցից ոչ մեկը չի մասնակցել միջոցառմանը: Ըստ Մկրտումյանի, դրանում արտառոց ոչինչ չկա. հրավիրվածները նախապես զգուշացրել են, որ զբաղվածության պատճառով չեն կարողանա ներկա լինել և իրենց ներկայացուցիչներին են ուղարկել: