Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը մասնակցում է ամենաբարձր մակարդակով: Հիմնախնդրի լուծմամբ շահագրգռված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական քայլը կանի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին SalamNews կայքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Պատասխանելով Իրանի հնարավոր միջնորդության մասին հարցին` Բրայզան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն որոշակի արդյունքներ է ստացել հակամարտության կարգավորման հարցում:
«Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նորմալ է գործում և արդեն աշխատում է «շրջանակային համաձայնագրի» շուրջ: Չնայած դեռևս որոշ աշխատանքներ կան փաստաթուղթը պատրաստելու գործում, բայց հակամարտության կարգավորումը պետք է ավարտի ԵԱՀԿ Մինսկի խումբը», – ասել է Բրայզան: