Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետությունում եղանակը պայմանավորված կլինի Սև ծովից տեղաշարժվող ցուրտ օդային ազդեցությամբ, ինչի արդյունքում կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սիրունյանը:
«Ցուրտ օդային հոսանքները արդեն մեր տարածք են ներթափանցում առաջիկա ժամերից, և մինչև օգոստոսի 7-8-ը ներառյալ այդ ցուրտ օդի ներհոսքը շարունակվելու է: Այս հանգամանքով պայմանավորվաված ՝ արդեն այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նվազելու է միջինը 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով: Օդի ջերմաստիճանի նվազումը շարունակվելու է մինչ օգոստոսի 8-9-ը ներառյալ: Այսինքն՝ արդյունքում կստացվի, որ եթե այսօր մայրաքաղաքում մենք ունենք 38-39 ջերմաստիճան, ապա արդեն օգոստոսի 8-ին և 9-ին առավելագույն ջերամստիճանը մայրաքաղաքում և Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը: Սյունիքի հովիտներում այն ավելի ցածր կլինի՝ մինչև 24 աստիճան, Մեղրիում և Կապանում այն չի գերազանցի 27 աստիճանը: Իսկ ահա վաղը միայն արևելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20 մետր վայրկյան արագությամբ»,- ասել է Սիրունյանը:
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` Արարատյան դաշտում ամենուր է սպասվում քամու ուժգնացում՝ երեկոյան ժամերին լեռնահովտային բնույթի՝ մինչև 22 մ/վ արագությամբ:
«Մայրաքաղաքում նույն երևույթներն են սպասվում. այսօր-վաղը տեղումների հավանականությունը փոքր է, ջերմաստիճանը կլինի 35-36 աստիճան, իսկ արդեն օգոստոսի 7-ից ջերմաստիճանը կիջնի՝ ցերեկը կլինի 32-33 աստիճան, գիշերը՝ 18-20», – եզրափակել է օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը: