«Ընտանիքիս բոլոր անդամները` կինս և երեք երեխաներս, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», – այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե որքանով է ճշգրիտ մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն:
«Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մեր օրենսդրության համաձայն` երեխան, ում ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Դուստրս ծնվել է 1985թ. Երևանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ կինս ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջս աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երևան: Աղջիկս սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության վերադարձան Երևան: Երկու տարի առաջ մեզ թոռնուհի նվիրեցին:
Աբգարն ու Մարկոսը ծնվել են Իսպանիայում: Հայաստան վերադառնալուց հետո Աբգարը Երևանում դպրոց է գնում, իսկ Մարկոսը հաճախում է մանկապարտեզ:
Կնոջս հետ ծանոթացել եմ Լենինգրադում, որտեղ սովորում էինք, ես՝ Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, իսկ Գոհարը՝ Պետական համալսարանում: Այնտեղ սովորել եմ յոթ տարի, սկզբում ավարտել եմ ինստիտուտն, այնուհետև՝ ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին, ես նույնպես վերադարձա Երևան և միացա կնոջս (ով վերադարձել էր 1985-ին) և ծնողներիս:
Ճակատագիրը ու հանգամանքները մեզ ուղղորդում են աշխարհի տարբեր ծայրեր, աշխատելու կամ սովորելու, սակայն, համոզված եմ, բոլորիս ցանկությունը նույնն է, որ համայն հայության կենտրոն Հայաստանը մնա մեր ազգի ձգողության ամենաամուր բևեռը:
Ընտանիքս բնակվում է Հայաստանում: Կինս այսօր Հայաստանում զբաղվում է մեր երեխաներով, որպեսզի որդիներս ստանան հայեցի դաստիարակություն, հաճախեն հայկական դպրոց:
Հուսով եմ` ընտանիքիս և նման բազում ընտանիքների օրինակը տվեց ձեր հարցի պատասխանը», – գրել է Տիգրան Սարգսյանը: