Լոնդոնից և Բըրմինհեմից հետո անհանգստությունների ալիքը հասել է Լիվերպուլ, Մանչեսթեր և Բրիսթոլ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում կատարելով ոստիկանությանը, Լիվերպուլի փողոցներ են դուրս եկել դիմակներով 200 երիտասարդներ, որոնք հրդեհում էին մեքենաները:
Բրիսթոլում անկարգությունների մասնակիցների թիվը, ըստ ոստիկանության, հասել է 150-ի: Մանչեսթերից ևս մեքենաների հրդեհման մասին տեղեկություններ են հաղորդվում:
Անհանգստությունները սկիզբ են առել շաբաթ ուշ երեկոյան Լոնդոնի Տոտենհեմ շրջանում, որտեղ հինգշաբթի ոստիկանը կրակել էր տեղի բնակչի վրա: 29-ամյա Մարկ Դագանը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել:
Շաբաթ երեկոյան մոտ 300 մարդ հավաքվել էր Տոտենհեմի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվող ոստիկակական բաժանմունքի մոտ` պահանջելով վերականգնել արդարությունը:
Ոստիկանության տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցները պայթուցիկ հեղուկ պարունակող շշեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, որի հետևանքով երկու մեքենա հրդեհվել է: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հրդեհել են երկհարկանի ավտոբուս և սկսել են ջարդուփշուր անել խանութների ցուցափեղկերը: