Home / Հայաստան / Բաքվում Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջընթաց չեն ակնկալում

Բաքվում Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջընթաց չեն ակնկալում

Այսօր Սոչիում կայանալիք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից Բաքվում լուրջ առաջընթաց չեն ակնկալում` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Այս մասին SalamNews-ի հետ զրույցում հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է լինել սառնասիրտ և պրագմատիկ:

«Ռուսաստանը հասկանում է, որ առկա ստատուս-քվոն հնարավոր չէ ընդմիշտ պահպանել: Բայց Մեդվեդևը չի ցանկանում վերջակետ դնել բանակցություններում», -հայտարարել է Մուսաբեկովը:

Քաղաքագետի կարծիքով` Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում կարող է այս կամ այն կարգի պայմանավորվածություն ձեռք բերվել:

«Հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը զրույցի կենտրոնական թեման կլինի: Այդ հանդիպումից հետո Աստանայում Մեդվեդևը հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ: Եթե հնարավոր լինի կողմերի դիրքերը մերձեցնել, ապա մոտ ժամանակներս կկայանա նախագահների երրորդ վճռական հանդիպումը», – ասել է Մուսաբեկովը:

Վերջին անգամ Սարգսյանը, Մեդվեդևը և Ալիը հանդիպել են հունիսի վերջին Կազանում: Գագաթաժողովը որևէ արդյունք չտվեց. կողմերը հրաժարվեցին փաստաթուղթ ստորագրել:

Համաձայն «Մոսկովսկիե նովոստի» թերթի աղբյուրների` Կազանի հանդիպման ձախողումը պայմանավորված էր նրանով, որ ռուսաստանցի և հայաստանցի դիվանագետները գերագնահատել են Բաքվի` քաղաքական զիջման գնալու ծավալները: Մեդվեդևը ստիպված է եղել շատ արագ շտկել իրավիճակը: Նա Սարգսյանին ու Ալիևին նամակներ է հղել, որոնցում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը:

Ըստ պարբերականի աղբյուրների` Ռուսաստանի նախագահը ողջամիտ է համարել ադրբեջանական կողմի որոշ փաստարկներ: Եվ պատահական չէ, որ Մեդվեդևի նամակին առաջինն արձագանքել է հենց Ալիևը:

«Տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը համաձայնել է այն դրույթների հետ, որոնք արձանագրվել են Մեդվեդևի նամակում: Իսկ թե ինչ է պատասխանել Սարգսյանը, առայժմ հայտնի չէ», – «ՄՆ»-ի հետ զրույցում ասել է փորձագետ Ալեքսեյ Վլասովը: Ըստ նրա` դա է պատճառը, որ առաջին հանդիպումը Մեդվեդևն անցկացնում է Ալիևի, այլ ոչ թե Սարգսյանի հետ: Եթե Ալիևի հետ բանակցություններն արդյունավետ լինեն, Մեդվեդևը կհանդիպի Սարգսյանի հետ, որից հետո` օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, կկայանա «ճանապարհային քարտեզի» ստորագրումը: «Եթե դա այդպես է, ապա, կարելի է ասել, որ կողմերը դուրս են գալիս բանակցային գործընթացի նոր փուլ», – եզրափակել է Վլասովը: