Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու այլ հնարավորություն, քան այս կամ այն չափով լեգիտիմացնել այդ պետությունը, հնարավոր չէ: Նման կարծիք «Կրեմլի խամաճիկները» հոդվածում հայտնել է Աբխազիայից լրագրող Անտոն Կրիվենյուկը: Հոդվածը հրապարակվել է «Эхо Москвы» ռադիոկայանի կայքում:
Կրիվենյուկի խոսքով` ի տարբերություն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի, Ստեփանակերտը ավելի բարդ ճանապարհով է գնացել:
«Սուխումին և Ցխինվալին բավարարվել են Ռուսաստանի ճանաչմամբ և համապատասխան երաշխիքներով, անգամ չնայած այն փաստին, որ նրանց համար այդպիսով երկար տարիներ ի վեր փակվել է Եվրոպայի ճանապարհը:
Լեռնային Ղարաբաղն ավելի վտանագվոր ուղի է ընտրել` հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը զարգանում է ոչ թե ի բարօրություն սեփական ժողովրդի, այլ նրա համար, որ հայերին «վերջին դատաստանի» առջև կանգնեցնի: Բայց եթե Ղարաբաղը հասցնի մինչև հակամարտության կարգավորման լուրջ միջազգային գործընթացի, ապա նրա լեգիտիմությունը և մանյովրելու հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեն, քան Հարավային Կովկասի իր «գործընկերների»», – մասնավորապես, գրում է Կրիվենյուկը: