Երեքշաբթի Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Հանդիպումից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Հանդիպման մեկնարկին Մեդվեդևը հյուրին ասել է. «Ես կցանկանայի ձեզ հետ ծայրահեղ անկեղծ զրույց անցկանցել առ այն, թե ինչ է պետք անել, ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները` հաշվի առնելով մեր երեքի հանդիպումը, որն անցավ Կազանում, նույն ձևաչափով այլ հանդիպումների արդյունքները»:
Ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը, վկայակոչելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին, «ծայրահեղ անկեղծ» զրույցը կայացավ, և դա հանդիպման հիմնական արդյունքն էր: Ինչպես նշել է թերթի զրուցակիցը, երկու երկրների առաջնորդները փորձել են հասկանալ` ինչը կամ ով է դանդաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Սոչիի հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ նման սպառնալիքը վերացել է, և եռակողմ ձևաչափը կշարունակի աշխատանքը, գրում է «Մոսկովսկիե նովոստի»-ն:
Թերթի աղբյուրը հասկացրել է, որ փոխադարձ ջղագրգռվածության փուլն անցել է: Երկու նախագահների շփումը շարունակվել է չափազանց երկար, իսկ Ալիևը դարձավ առաջին օտարերկրյա պետության ղեկավարը, ում Մեդվեդևը հրավիրեց իր նոր` «Չայկա» զբոսանավ: