Վարվելակարգի կանոնների գերմանական միությունն աշխատավայրերում ողջույնի համբույրների դեմ է հանդես եկել:
Ինչպես հաղորդում է գերմանական ZDF հեռուստաալիքը, Միության նախագահ Հանս-Միկել Քլայնը հայտարարել է, որ գործընկերների հետ համբուրվելը պրոֆեսիոնալ չէ, բացի դա, այդ փաստը շատերին նյարդայնացնում է:
Քլայնի խոսքով` միայն վերջին տարվա ընթացքում ինքն ավելի քան 50 էլեկտրոնային նամակ է ստացել, որոնցում գերմանական տարբեր քաղաքների գրասենյակային աշխատակիցներ պատմում էին, որ ողջույնի համբույրների թիվն իրենց հաստատություններում զգալիորեն աճել է:
Համբույրներից դժգոհողների կարծիքով` այդ ավանդույթը տարածված է Միջերկրական ծովի երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում, որտեղ զրուցակիցները մեկ ժամվա ընթացքում կարող են մինչև 60 անգամ դիպչել միմյանց, սակայն գերմանացիներին դա հատուկ չէ:
Քլայնը նշել է նաև, որ կանանցից շատերն այդ համբույրի մեջ էրոտիկ ենթատեքստ են տեսնում:
Վարվելակարգի կանոնների միության նախագահի խոսքով` իր կազմակերպությունը ֆորմալ առումով չի կարող համբույրների արգելք պահանջել, բայց կարող է գրասենյակային աշխատակիցներին լավ խորհուրդներ տալ: Քլայնը, մասնավորապես, առաջարկել է այն մարդկանց, ովքեր դեմ չեն համբուրվել, հատուկ հայտարարություն փակցնել աշխատանքային սեղանի վրա: