Հուլիսի 29-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով օգոստոսի 10-ին ձերբակալվել է Մասիսի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային ծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, այսօր Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվելու Հայաստանի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»: Նախաքննական մարմինը դիմելու է Ասիլբեկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ամենախիստ պատիժը երկու տարվա ազատազրկումն է:
Առայժմ այս գործով այլ ձերբակալվածներ չկան:
19-ամյա զինծառայող Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, նա մարտական հենակետում ինքնաձիգով վիրավորել էր ինքն իրեն, ինչը մահվան է հանգեցրել: