Home / Հայաստան / «Մեղքի բաժինն իմ երեխունն էլ ա». ծնողն արդարացնում է մանկապղծության մեջ մեղադրվող գործարարին

«Մեղքի բաժինն իմ երեխունն էլ ա». ծնողն արդարացնում է մանկապղծության մեջ մեղադրվող գործարարին

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում հարցազրույց է տպագրել մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող 16-ամյա անչափահասներից մեկի մոր հետ, որի անունը չի հրապարակվում:

Ներկայացնում ենք հարցազրույցը կրճատումներով:

– Դուք Սերոբ Տեր-Պողոսյանի գործի մասին ի՞նչ կարծիքի եք:

– Դե բնական է, եթե եղած լիներ, նորմալ կարծիք չէի կարող կազմել, բայցևայնպես ես էդ մարդուն չեմ մեղադրում, ոչ մի բանով: 70-ն անց մարդ է, ես նման բան… ոչ… չգիտեմ, մի խոսքով, ես մեղքի բաժին չեմ տեսնում էդ մարդու մեջ:

– Եթե ինքն անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է արել, դուք էլի՞ իրեն մեղավոր չեք համարում:

– Դե` չէ: Երևակայիր` չէ: Որովհետև դա, Աստված ոչ անի, եթե արել է դա, դա ինչ-որ հիվանդագին բան է, որ ամեն մարդ կարող է հասկանալ: Հետո, էլի եմ ասում, դա իր սեռական պրոբլեմն է: Չեմ կարող ասել: Ես իմ երեխին հարցնում են, ասում ա` մամ, նման բան չկա: Ես ապացուցել եմ նույնիսկ, բժշկական տվյալներով, որ իմ երեխեն մաքուր մարդ է: Ես իմ երեխին տարել եմ հիվանդանոց: Տեսել են, որ իմ երեխայի վրա ոչ մի բռնաբարության հետք չկա, ոչ մի բան: Եթե ինչ-որ մի բան եղել ա, զոռով ոչինչ չի եղել: Մի տեղ մեղքի բաժինն իմ երեխունն էլ ա:

– Բայց եթե ձեր երեխան, ասենք, եղել է տասը տարեկան, ինչո՞ւմ է նրա մեղքը…

– Չէ, չէ` նոր, եթե մի բան է եղել, էս վերջին շրջանում է եղել: Ես տեսել եմ էդ վիդեոն, ընդամենը համբուրվելիս է եղել: Ինչ-որ իրար պաչելիս են եղել` էդ վիդեոն նայել եմ:

– Սերոբ Տեր-Պողոսյանը ձեր որդու հե՞տ:

– Հա, տենց: Առանձնապես ես ուրիշ բան չեմ տեսել, բերին, ասին` ուզում եք` դիտեք, ասի` չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում դիտեմ:

– Բայց եթե ձեր որդին 70 տարեկան մարդու հետ համբուրվում ա, դա ձեզ համար` ոչ մի բա՞ն:

– Դե, նա սաղին էլ համբուրում է: Տենց մի մարդ չկա, որ ձեռք չմեկնի, չբարևի, չհամբուրի` ես վատ բան չեմ նկատել: Չնայած, ինչ-որ տեղ էլի մի բան չի, բայց և այնպես` տուժողը ես եմ, բայց ես բողոք չունեմ: Թողեք էն մարդն ապրի ինչքան ապրելու ա:

– Եթե ասում եք ձեր երեխայի նկատմամբ ոչ մի բան չի եղել, դուք ո՞նց եք տուժող էդ դեպքում:

– Դե, տենց են ասում, ասում են եղել է: Ես ասում եմ` անգամ չեմ էլ նայել այդ վիդեոները:

– Բայց մենք գիտենք, որ վիդեո կա, թե ինչպես է Տեր-Պողոսյանը ձեր որդու հետ սեռական բնույթի գործողություններ անում:

– Դե կա, բայց ես չեմ էլ նայել, չեմ էլ ուզում նայել: Ես Սերոբ Տեր-Պողոսյանի մեջ մեղք չեմ տեսնում: Ես չգիտեմ, թեկուզ դրա համար ինձ կախեն էլ, սպանեն էլ, չգիտեմ` ինչ էլ անեն:

– Ես ձեզ մի հարց պիտի տամ, նախապես ներողություն խնդրելով էս հարցի համար: Ո՞ր տարբերակն է ձեզ համար նախընտրելի, որ Սերոբ Տեր-Պողոսյանը դատվի, և ձեր ընտանիքի հետ էդ կապը խզվի, թե՞ որ հայտնվի ազատության մեջ և նախկինում ոնց որ կապ է ունեցել ձեր ընտանիքի հետ, նույն ձևով էլ էդ կապը շարունակվի:

– Ես կնախընտրեի երկրորդ տարբերակը` Սերոբը ազատության մեջ լինի, ու ոչ մի երեխա նրա մոտ չգնա:

Լուսանկարը` hcav.am

Tekali Taxi