Ադրբեջանի իշխանությունները Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին թույլ չեն տվել հանդիպել դատապարտված ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Այս մասին Լենինգը հայտարարել է երեկ Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք մոտ ժամ ու կես սպասեցինք 14–րդ գաղութի դարպասների մոտ, որից հետո մեզ հայտնեցին, որ Արդարադատության նախարարությունը համաձայնություն չի տվել այդ հանդիպման համար, թեև երկու շաբաթ առաջ ես տեղեկացրել էի Հաջիևին այցելելու իմ մտադրության մասին»,- ասել է Լենինգը:
«Ես այս արարքը որակում եմ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, քանի որ Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող երկրում մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ ցուցաբերվող այս վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է նա:
Լենինգը նշել է, որ իր այցելությամբ ցանկանում էր աջակցություն հայտնել Հաջիևին, ինչպես նաև խոսքի ազատ արտահայտման համար ձերբակալված բոլոր անձանց: Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն չեն տվել քաղաքբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Քրիսթոֆ Շտրասերին իրականացնել իր առաքելությունը:
Օմբուդսմենի խոսքով` դեռևս Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանը ժողովրդավարության ճանապարհն է ընտրել, սակայն ժողովրդավարությունը դա նախևառաջ մարդու իրավունքների ապահովումն է: Սակայն Ադրբեջանում անցկացված բոլոր ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին:
Լենինգը հայտարարել է, որ Ադրբեջանում այսօր ամենուրեք ոտնահարվում է քաղաքացիների սեփականության իրավունքը: Նա հիշատակել է մի քանի օր առաջ ապամոնտաժված Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի դեպքը:
«Ես տեսել եմ կադրերը, թե ինչպես են քանդում այդ շենքը, իսկ երկու փողոց այն կողմ վաճառում այդ շենքի պատուհանները: Դա ապշեցնում է»,- ասել է Լենինգը:
Նա նաև դատապարտել է ապրիլի երկուսի խաղաղ ակցիաների մասնակիցների ձերբակալությունները և մտահոգություն է հայտնել աճող խոշտանգումների մասին ստացվող հաղորդագրությունների առնչությամբ: «Անցյալ տարի նման 59 դեպք է գրանցվել, իսկ այս տարի` արդեն 89: Անհայտ պայմաններում մահացածների թիվը 4-ից հասել է 6-ի»,- նշել է օմբուդսմենը: