Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սանտա-Կրուզ քաղաքի ոստիկանությունը նոր և բացառիկ համակարգչային ծրագիր է գործարկել, որը թույլ է տալիս կանխատեսել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են բնակարանային կողոպուտները կամ մեքենաների գողությունները, հայտնում է New York Times թերթը:
«Համակարգն արդեն իսկ օգնել է իրավապահներին կասեցնել մի քանի հանցագործություն և 5 ձերբակալություն իրականացնել»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության քրեական բաժնի վերլուծաբան Զակ Ֆրենդը:
Օրինակ, ըստ Ֆրենդի, երկու հանցագործ կանայք ձերբակալվել են այն թաղամասի ավտոկանգառում, որը ծրագիրը բնորոշել է որպես հանցագործության իրականացման առավել հավանական տարածք: Ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ գտնվելիս է եղել, իսկ մյուսի մոտ թմրանյութեր են հայտնաբերվել:
Համակարգչային ծրագիրը մշակել է մաթեմատիկներից, մարդաբաններից և քրեագետներից բաղկացած գիտնականների խումբը:
Նորարարությունը ենթադրում է, որ իրավապահները պետք է նախապես մեկնեն այն վայրեր, որտեղ մեծ է հանցագործության իրականացման հավանականությունը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կերպով տեղաբաշխել և օգտագործել ոստիկանության ուժերը:
Զակ Ֆրենդի խոսքով` ծրագրի շնորհիվ հուլիսին կողոպուտների քանակը նվազել է 27 տոկոսով, ինչը վկայում է այն մասին, որ համակարգը կարող է շատ լավ արդյունքներ գրանցել:
Եվ, թեև ոստիկանները գոհ են նորամուծությունից, համակարգի արդյունավետությունը հնարավոր կլինի առավել ստույգ գնահատել կես տարի անց: