Home / Հայաստան / Համահայկական խաղեր. Իրանի հայերը հրաժարվել են խաղալ Իսրայելի հայերի հետ

Համահայկական խաղեր. Իրանի հայերը հրաժարվել են խաղալ Իսրայելի հայերի հետ

Շաբաթ օրը Երևանում մեկնարկած Համահայկական խաղերի ժամանակ արձանագրվող մարզական բախումները երբեմն հանգեցնում են «ազգամիջյան» վիճաբանությունների, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` ներկայացնելով օգոստոսի 14-ին տեղի ունեցած արտառոց մի դեպք:

Իրանի Շահին Շահր քաղաքի ֆուտբոլի թիմը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ և խաղալ վիճակահանության արդյունքում իր հետ նույն խմբում հայտնված Երուսաղեմի թիմի հետ: Պատճառն իրանաիսրայելական թշնամական հարաբերություններն են:

Իրանից ժամանած բոլոր խմբերի պատասխանատու Ալֆրեդ Հավան, որը նաև Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ է, տեղի ունեցածը «ՀԺ»-ի հետ զրույցում «թյուրիմացություն» է անվանել:

«Ընդհանրապես պարսկական խմբերը որևէ հանդիպման Իսրայելի խաղացողների հետ չեն մասնակցում, և իրանահայ թիմը թյուրիմացաբար մտածել է, որն այս անգամ էլ չպետք է մասնակցեն: Բայց հետո իրենց ուշադրությունը հրավիրեցինք, որ Երուսաղեմից եկածը նախ հայկական խումբ և որևէ կապ չունի այդ մտածմունքի հետ: Երկրորդը` պարսիկ կառավարությունն ընդհանրապես մտածում է, որ Երուսաղեմը պատկանում է քրիստոնյաներին, մուսուլմաններին և մովսեսականներին, իսկ նրանց արարքն ավելի շատ հաստատում է, որ Երուսաղեմը Իսրայելինն է: Եվ դա հակառակ էլ է իսլամական մտածմունքին», – ասել է Հավանը:

Նա հավելել է, որ հաջորդ անգամ Իրանը ներկայացնող խմբերը կմասնակցեն Երուսաղեմի թիմերի դեմ հանդիպումներին: