Վրաստանցի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վերջին շրջանում բազմիցս այլատյացության դրսևորումներ է ունեցել, և լավ կլիներ, եթե նրան ավելի շուտ ազատեին Թբիլիսիի պետական Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, «Новости-Грузия»-ի հետ զրույցում հայտարարել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Արնոլդ Ստեփանյանը:
Նրա խոսքով` Ստուրուան Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունք չուներ:
Միաժամանակ, Ստեփանյանը նշել է, որ Ստուրուայից նման արտահայտություններ չէր ակնկալում:
«Նա երբեք այլատյացության դրսևորումներով չէր առանձնանում… Մենք սկզբում մտածում էինք, որ նա սխալ է արտահայտվել, կամ լրագրողներն են այլ կերպ մեկնաբանել նրա խոսքերը, բայց ավելի ուշ նա շարունակեց նույն բանն ասել, սկզբում բացասաբար արտահայտվեց հայերի, այնուհետև` սևամորթ մարդկանց վերաբերյալ: Նրան բառիս բուն իմաստով «բացել էր»: Պետք էր ավելի շուտ զրկել նրան պաշտոնից»,- հայտարարել է Ստեփանյանը:
Միևնույն ժամանակ, պաշտոնանկ արված ռեժիսորը «հայ» Սահակաշվիլիի վերաբերյալ արված իր արտահայտությունները բացատրելիս հայտարարլ է, որ իրեն սխալ են հասկացել`վկայակոչելով Կաննի փառատոնի ժամանակ ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի հետ կապված սկանդալային պատմությունը:
«Թբիլիսին ներկայումս այնքան բազմազգ քաղաք է, ինչպիսին որևէ տեղ չկա: Այստեղ 100 մետր տարածքի վրա տեղակայված են մզկիթ, սինագոգ, հայկական և վրացական եկեղեցիներ… Այնպես որ, իմ կողմից որևէ ազգայնականության դրսևորման մասին խոսք գնալ չի կարող: Այդ իսկ պատճառով սկսել եմ բացատրել»,- «Московский комсомолец»-ի հետ զրույցում հայտարարել է ռեժիսորը:
«Նա (Միխեիլ Սահակաշվիլին) կիսով չափ հայ է, և ես ասել եմ, որ, օրինակ, երբ որոշվում է սահմանի և տարածքների հարցը, քո արյունը ամեն դեպքում քո ազգի կողմն է` անկախ քո ցանկությունից»,- պարզաբանել է Ստուրուան:
Հիշեցնենք, որ թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում ենթադրություններ էր արել նախագահ Սահակաշվիլիի ազգային պատկանելության վերաբերյալ:
Ռոբերտ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:
«Բազմազգ Վրաստանը» պահանջել էր Ստուրուայից ներողություն խնդրել Վրաստանի նախագահից և երկրի բոլոր քաղաքացիներից, որոնք վիրավորվել են «անհանդուրժողական արտահայտությունից»: