Այսօր զոհված զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի մոտ: Նրանք սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, որպեսզի զրուցեն ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Տեղեկանալով, որ նախարարը դուրս է գալիս շենքի այլ մուտքից, նրանք, ինչպես նաև լրագրողները, շտապեցին այնտեղ, սակայն, ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Օհանյանի թիկնապահներն արգելեցին լրագրողներին մոտենալ նախարարին և փորձեցին խոչընդոտել նրանց աշխատանքը, մասնավորապես` չթույլատրելով ձայնագրել կամ նկարահանել նախարարին, ով այդ պահին զրուցում էր զոհված զինծառայողներից մեկի` Արայիկ Ավետիսյանի մոր հետ:
Նախարարի թիկնապահները լրագրողներին խորհուրդ են տվել իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության մամուլի քարտուղարին:
Նախարարի հետ զրույցից հետո 2001 թվականին զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, լրագրողներին ներկայացրել է զրույցի բովանդակությունը:
«Նա ասում է` քանի տարի է անցել, ես ի՞նչ անեմ: Ես էլ ասում եմ` բանակում կարգ ու կանոն ստեղծեք, բռնեք էդ հրամանատարներին, փոխե'ք, անփոխարինելի՞ են: Ես նախարարից պահանջեցի` բանակը կարգի բերեք: Ասում ա` բանակը շատ լավ վիճակի է: Ես լրագրողների հետ գնալու եմ ընդունելության, գրեց անունս և ասեց. «Քեզ կկանչեմ ընդունելության»: Բոլորիդ տեղյակ եմ պահելու: Տվե'ք ինձ իրավասություն, տեսեք` ես բանակում ոնց եմ բացահայտելու հանցագործությունները: Իմ տղայի ժամանակ 100 դոլարով էին գալիս արձակուրդ, հիմա` ավելի շատ: Երեխեքը չեն ասում, վախենում են, տոտալ վախ ա ամբողջ հանրապետությունում»,- ասել է Անահիտ Մկրտչյանը:
Նա պատմել է, որ իր որդուն շտաբի պետի սենյակում չորս անձի ներկայությամբ են սպանել, բայց մինչ օրս ինքչը ոչ մի բանի չի հասել: «Տղաս արձակուրդից գնացել էր, ասել էին` պետք է 100 դոլար ու երկու լիտր օղի տաներ: Ինքը գնացել էր առանց 100 դոլարի: Մի ցուցմունք ունեմ ականատես վկայի, ձեռք բերեցի, հետո կարողացան էնպես սկացնեն, որ գնա Հայաստանից, գնա Ռուսաստան: Հստակ էդ տղան ասում էր` գումարտակի հրամանատարն եկավ, ասեց` «ինչո՞ւ լրիվ գումարը չես բերել», դա նշանակում է, որ գումարի կեսը տղաս տարել էր, ես 15 000 դրամ ուղարկել էի, մինչև օրս էդ 15 000 դրամի մասին ոչ մի նախաքննությամբ պարզված բան չկա, ինչ եղավ այդ դրամը»:
Կնոջ խոսքով` ինքը պարզել է, որ գումարտակի հրամանատարը չգրանցված ՏՏ զենք էր կրում, և սպանությունը կատարել է այդ զենքով: