ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նրա խոսքով` դատավորը բավարար չի համարել Առաքելյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքը չեղյալ համարելու հիմքերը:
Ըստ Էլբակյանի` իրենք նույն միջնորդությամբ դիմելու են Վճռաբեկ դատարան:
Այսօր ավելի վաղ բավարարվել էր Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՆրան ազատ են արձակել 3 միլիոն դրամ գրավի դիմաց:
Համաձայն դատարանի որոշման` ազատ է արձակվել նաև ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին և Վահագն Գևորգյանին` 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի հատկանիշով: