Հուլիսին Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկը երկու անգամ զանգահարել է ոստիկանություն` կամովի հանձնվելու մասին իրավապահներին հաղորդելու համար:
Նորվեգական ոստիկանությունը հաղորդել է, որ Բրեյվիկն առաջին անգամ ոստիկանություն է զանգահարել իր ձերբակալությունից 26 րոպե առաջ:
«Ես այս պահին Ուտոյայում եմ: Ցանկանում եմ հանձնվել»,- ասել է նա ոստիկանությանը և դադարեցրել զրույցը:
Ոստիկանության ներկայացուցիչը պատմել է լրագրողներին, որ օպերատորը, լուրջ ընդունելով ստացված տեղեկությունը, փորձել է կրկին զանգահարել միևնույն հեռախոսահամարով, սակայն ոչ ոք չի պատասխանել:
Բրեյվիկը կրկին զանգահարել է ոստիկանություն իր ձերբակալությունից մոտ մեկ րոպե առաջ և խնդրել է իր հաղորդագրությունը փոխանցել ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման հրամանատարին:
«Ես իսլամիզացման դեմ պայքարի նորվեգակական հակակոմունիստական շարժման հրամանատարն եմ: Ես կատարել եմ իմ գործողությունները, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ հանձնվել»:
Դրանից հետո Բրեյվիկը կրկին անջատել է հեռախոսը, սակայն մեկ րոպե անց արդեն հանձնվել է ոստիկանությանը: