Արմավիր քաղաքի այգին, որտեղ այս տարվա մայիսից ծառահատումներ և բուռն շինարարություն է իրականացվում, փաստաթղթերով այգի չէ: Ինչպես հաղորդում է «Էկոլուր»-ը, նման հայտարարությամբ հանդես են եկել Արմավիրի այգու պաշտպանները:
Ըստ Արմավիրի նոր հատակագծի` այգին համարվում է Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածք, այլ ոչ թե այգի: Հատակագծի փոփոխումը հեշտացրել է այգու վաճառքի գործը:
Ներկայումս այգու տարածքում կառուցվում է բանկ, եկեղեցի և անասնաբուժական դեղատուն:
Արմավիրցիները այգու տարածքում իրականացվող շինարարության նախագծերի հասարակական լսումների մասին տեղյակ չեն, ինչի կապակցութամբ «ԷկոԼուր»-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ հիմնավորմամբ է Բնապահպանության նախարարությունը թույլատրել Արմավիր քաղաքի միակ հանրային այգում ծառահատումներ կատարել և շինություններ կառուցել, ե՞րբ են անցկացվել այդ շինությունների կառուցման աշխատանքային նախագծերի հասարակական լսումները, ի՞նչ ըներություններ են իրականացնում շինարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը այդ նախագծերին դրական եզրակացություն տրամադրե՞լ է: