Այսօր առավոտյան Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» խանութը քանդվել է: Կառավարության որոշմամբ` հանրային գերակա շահ ճանաչված Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի տարածքն օտարվել է, որից հետո պետք է սկսեվեին ապամոնտաժման աշխատանքները:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ արդեն մի քանի տարի է` իրենք «Միլանո»-ի սեփականատերերի հետ միասին տարբեր ատյաններում ահազանգում են սեփականության իրավունքի ոտնահարման մասին, սակայն ապարդյուն:
«Անցյալ տարի ես 7-էջանոց վերլուծություն ներկայացրեցի ՀՀ գլխավոր դատախազություն և նշեցի, թե քանի կետերով են ոտնահարվել «Միլանո»-ի սեփականատիրոջ իրավունքները: Սակայն գլխավոր դատախազը, ռիսկ չունենալով քննել արդեն գոյություն ունեցող որոշումը, մի հակիրճ պատասխան գրություն տվեց, որը պատասխան էլ չէր, քանի որ ոչ մի իրավական արձագանք չկար»,- պատմել է Սաֆարյանը:
Պատգամավորի խոսքով` օգոստոսի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում իրենք ահազանգ են ստացել, որ ինչ-որ անձինք քանդում են «Միլանո» խանութի դիմացի սալահատակը:
«Ես և Անահիտ Բախշյանը մեկնեցինք դեպքի վայր, այնտեղ տեսանք մի քանի ոստիկանների և մի քանի բանվորների, որոնցից չկարողացանք պարզել` արդյոք իրենք օրենքով լիցենզավորված կազմակերպության աշխատակիցներ են: Մենք հանդիպում ունեցանք Երևանի Կենտրոնի ոստիկանական բաժնի պետի հետ և առաջարկեցինք քանդող կողմին պարտավորեցնել դադարեցնել աշխատանքները գոնե ոչ աշխատանքային ժամին և օրը»,- ասել է Սաֆարյանը:
Նրա խոսքով` կիրակի կրկին փորձ է արվել քանդել շենքը:
«Այսօր արդեն մենք տեղեկացանք, որ վաղ առավոտյան հողին է հավասարեցվել այն, երբ գրեթե միևնույն ժամանակ Անահիտ Բախշյանը հանդիպում էր Երևանի քաղաքապետի հետ, ով խոստացել էր վերանայել այդ հարցը»:
Ըստ Սաֆարյանի` «Միլանո»-ի սեփականատիրոջ իրավունքները խախտվել են ՀՀ Կառավարության կողմից:
«Ըստ էության, Հյուսիսային պողոտայի ողբերգությունը շարունակվում է: Ներկայիս համապատասխան մարմինները շարունակում են չպաշտպանել ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը, և մեզնից ոչ ոք ապահովագրված չէ, որ մի օր Կառավարության որոշմամբ իր տունը, սեփականությունը չի համարվի հանրային գերակա շահ, և ձեռքիցդ չեն առնի այն: Սա, ինչպես նաև կրպակատերերի հարցը, նախադեպային են, և մարդկանց մղում են ապստամբության: Երբ մարդուն մղում ես մի անկյուն, ճնշում ես, նրանից միայն հարված սպասիր»,- ասել է Սաֆարյանը:
Նշենք, որ մի քանի տարի առաջ հանրային գերակա շահ ճանաչված տարածքում ոչ մի գործողություն չէր կատարվել մինչ օգոստոսի 20-ը: Սեփականատերը օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որով պահանջում էր արգելել շինության քանդումը և ձևափոխումը, սակայն Երևանի քաղաքապետի` օգոստոսի 18-ի որոշմամբ կառուցապատողին տրվել է շինությունը քանդելու թույլտվություն։
Ըստ Սաֆարյանի, երբ նրանք խնդրել են իրենց ներկայացնել այդ թույլտվությունը, այն եղել է «գրեթե դատարկ մի թուղթ»:
«Այնտեղ չկար ոչ նոր սեփականատիրոջ անունը, ոչ լիցենզավորման մասին տվյալներ, ոչ մի բան»,- հավելել է նա: