Հայաստանում ՄեծԲրիտանիայի դեսպանի պաշտոնում Ջոնաթան Ջեյմս Էյվսի ու Քեթրին Ջեյն Լիչի (ամուսնական զույգ) նշանակմանը նվիրված հոդվածում բրիտանական Daily Mail-ը գրում է, որ կառավարությունը «Բրիտանիան ծիծաղի առարկա է դարձնում»:
Հիշեցնենք, որ համատեղ դեսպաններն իրենց պաշտոնը կստանձնեն 2012 թվականի հունվարին` փոխարինելով Չարլզ Լոնսդեյլին: Որոշվել է, որ դեսպանները պաշտոնը կզբաղեցնեն 4-ամսյա հերթագայությամբ, իսկ դադարի ընթացքում դեսպաններից մեկը կխնամի իրենց երեխաներին:
Հղում կատարելով դիվանագետ Արման Նավասարդյանին` Daily Mail-ը նշում է, որ Հայաստանում կարծիք կա, թե այս նշանակումը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորությունն անլուրջ է վերաբերվում Հայաստանին, իսկ այն բանից հետո, երբ նախկին դեսպան Լոնսդեյլը ամուսնացավ Հայաստանում դեսպանատան ազգությամբ հայ մամուլի քարտուղարի հետ, տեղացի քաղաքական գործիչները բրիտանական դեսպանատունը անվանում են «սիրո դեսպանատուն»: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ նման պրակտիկա կա միայն Զամբիայում, այնտեղ նույնպես ամուսնական զույգ է աշխատում դեսպանի պաշտոնում:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Արման Նավասարդյանը նշել էր, որ դեսպանները սովորաբար առաջին երկու տարում դեռևս փորձում են ճանաչել երկիրը և միայն երրորդ տարին է իսկապես արդյունավետ լինում նրանց համար:
«Եթե այդպիսի բան են անում, ով էլ որ լինի, ես, համենայնդեպս, որոշ վերապահումով եմ մոտենում դրան: Սա իմ անձնական կարծիքն է: Դրա մեջ ես ոչ լուրջ մոտեցում եմ տեսնում նշանակվող երկրի դիվանագիտության նկատմամբ: Ես համենայնդեպս շատ կասկածում եմ, որ նման բան նրանք իրենց թույլ տային Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում: Գրեթե համոզված եմ, որ թույլ չէին տա», – ասել է Նավասարդյանը:
Այս առնչությամբ Արտաքին հարաբերությունների գրասենյակի խոսնակն ասել է, որ համատեղ նշանակումը աշխատանքի ժամանակակից ձև է, որը կբարելավի դիվանագիտական գործունեությունը, մյուս կողմից` եթե ամուսինները միասին լինեն, դա կնվազեցի ճամփորդական ծախսերը, որոնք վճարվում են բրիտանացի հարկատուների գրպանից:
Հիշեցնենք, որ Էյվսը աշխատել է է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ Լիչը՝ 2000-ից: Մինչ այդ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ:
2006-ից 2011 թվականները աշխատել են Ճապոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ուր Էյվսը ղեկավարել է քաղաքական բաժինը, իսկ Լիչը Էներգետիկայի և շրջակա միջավայրի թիմի ղեկավարն է եղել: