Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հարձակում է կատարվել։ Օգոստոսի 19-ի երեկոյան, մոտավորապես ժամը 4-ին, Թբիլիսիում` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ, ամենայն ահավանականությամբ` հարբած վիճակում: Հոգևոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները և մոմավաճառն ու հավաքարարը:
Ինչպես հաղորդում է yerkirmedia.am-ը, երիտասարդներից մեկը մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետևանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով այս ամենով` նա բազմել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին և դուրս են արել նրանց: Նրանք պոկել են եկեղեցու դռներին փակցված հայտարարությունները և ցուցադրաբար այրել դրանք:
Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Երկիր Մեդիային» ասել է, որ իրենք դիմել են ոստիկանության:
Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրաց երիտասարդների այս արարքը հետևանք է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: