ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նախագահականի մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին:
«Մեծ հավանականությամբ, այն ստորագրվել է, և չի բացառվում` այսօր հրապարակվի», – գրում է օրաթերթը` նշելով, որ Խաչատրյանի տեղակալները, ըստ էության, չեն հերքել նրա պաշտոնանկության մասին լուրը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբեն Քոչարյանը թերթի թղթակցի հետ զրույցում հարցը լսելուց հետո դժգոհել է, թե ինչու են իրեն նման ուշ ժամի այդպիսի հարցով անհանգստացնում, իսկ Խաչատրյանի մեկ այլ տեղակալ` Արմեն Ալավերդյանը, ասել է, որ ինքը հիվանդանոցում է, և առաջարկել է ուրիշին զանգել:
ՊԵԿ մամուլի քարտուղարը երեկ անհասանելի է եղել, իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Խաչատրյանի պաշտոնանկության մասին հրամանագիր է ստորագրվել, ասել է. «Նախագահի հրամանագրերը հրապարակվում են պատշաճ ժամկետներում»: