Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստների հայտարարության հեղինակներն իրականում ՀԱԿ ղեկավարներն են, այլ ոչ թե իրենք` երիտասարդները: Այս մասին «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
ՀԱԿ-ի ակտիվիստների` օգոստոսի 9-ին բերման ենթարկվելուց հետո «Սարդարապատը» հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել երիտասարդներին, սակայն քննադատական արտահայտություններ թույլ տվել ՀԱԿ-ի ղեկավարների հասցեին: Իրենց պատասխան հայտարարության մեջ ՀԱԿ ակտիվիստները նշել են, որ «Սարդարապատի» անդամները փորձում են «սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի և նրա ղեկավար կառույցների միջև»:
«Դա իրենց գնահատականն է: Մենք պատրաստ ենք պատասխան տալ ամեն խոսքի համար, որ գրվել էր մեր հայտարարության մեջ», – ասել է Խզմալյանը: Նա ևս մեկ անգամ նշել է, որ իրենք իրականում աջակցություն էին հայտնել երիտասարդներին, «իսկ այն որակումները, որոնք այդքան հուզմունք ու աղմուկ են առաջացրել, վերաբերում են ոչ թե երիտասարդներին, այլ ՀԱԿ ղեկավարներին»:
Ըստ Խզմալյանի` վերջիններս այդ պատասխան հայտարարությունն օգտագործեցին որպես պատնեշ` թաքնվելով երեխաների հետևում: