Հայաստանում այսօր շաքարավազի գների բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում գների կտրուկ աճով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նշենք, որ այսօր երևանյան խանութներում շաքարավազի գինը 360-370 դրամից մեկ կիլոգրամի համար բարձրացել է մինչև 430 դրամ:
«Քանի որ միջազգային շուկայում հուլիս ամսին շաքարի գինը 1 ֆունտի (0,453 կգ) համար կազմել էր 29.47 ամերիկյան ցենտ, մինչդեռ մայիսին այն կազմում էր 21.84 ցենտ, կարելի էր ակնկալել, որ Հայաստանում ներկրողը կբարձրացնի գները», – ասել է Քերոբյանը:
Նշենք, որ միջազգային ապրանքային շուկաներում շաքարի գինը մայիսից մինչև հուլիս աճել է 18.26 տոկոսով, սակայն այս տարվա հունվարին աշխարհում շաքարի գինն արդեն հասել էր ռեկորդային սահմանագծի` 29.74 մեկ ֆունտի դիմաց, բայց Հայաստանում շաքարավազի 1 կիլոգրամը կազմում էր 330-340 դրամ:
Հայաստանում շաքարավազի մենաշնորհը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությանը, որը հունվարին, կապված միջազգային շուկաներում գների փոփոխության հետ, շաքարավազի գինը Հայաստանում չբարձարցրեց, իսկ հետագայում, երբ փետրվարից մինչև մայիս միջազգային շուկայում շաքարի գինը կտրուկ նվազում էր, Հայաստանում շաքարավազի գինը չնվազեցրեց: