Google Maps քարտեզագրական ծառայությունում փոփոխվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնական հրապարակներից մեկի անվանումը: «Կանաչ» հրապարակի փոխարեն այժմ Google Maps-ն առաջարկում է «Նահատակների» հրապարակ անվանումը:
Քարտեզագրական ծառայությունն այս կերպ արձագանքել է Լիբիայի ապստմաբների կողմից Տրիպոլիի հրապարակի նվաճմանը: Հենց նրանք են հրապարակին նման անվանում տվել:
Հիշեցնենք, որ Լիբիայի ընդդիմադիր ուժերը օգոստոսի 22-ի գիշերն իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը: Դիմադրության օջախներ են մնացել ընդամենը մի քանի թաղամասերում:
Ապստամբների ղեկավարությունը հայտարարել է, որ վերահսկում է Տրիպոլիի 95 տոկոսը, իսկ Քադաֆիին հավատարիմ ուժերի դիմադրությունն ամբողջությամբ ճեղքել հնարավոր կլինի առաջիկա մեկ կամ երկու օրերի ընթացքում:
Միևնույն ժամանակ, Ազգային Անցումային Խորհուրդը ընդգծել է, որ հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Քադաֆին իրենց ձեռքերում լինի: Այս պահին անհայտ է մնում Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը: Օգոստոսի 22-ին Մուամար Քադաֆիին պատկանող հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը: Հաղորդվում էր, որ ապստամբները պայքարով են նվաճել Տրիպոլիի հեռուստակենտրոնը, որտեղից հեռարձակվում էին պետական ալիքները: