Օգոստոսի 23-ին ժամը 14.00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սևանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ սկսված որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափները:
Մինչև օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006 թվականին ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: