2004 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը ԱՄՆ Պետդեպին ուղարկված գաղտնի փաստաթղթում նկարագրում է, թե ինչպես «Արմավիայի» ղեկավարները որոշում են կայացրել փոխել ընկերության քաղաքականությունը: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:
Փաստաթղթում նշվում է, որ ամբողջությամբ փոխելով իր նախկին քաղաքականությունը` Հայաստանի հիմնական ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է իր` դեպի եվրոպական չափանիշներ անցնելու քաղաքականությունը, փոխարենը` իր եվրոպական ինքնաթիռները փոխարինում է հին խորհրդայիններով:
««Արմավիան» ղեկավարող բրիտանացի խորհրդական Բոբ Չապլինը պատմել է մեզ, որ «Արմավիայի» տնօրենները որոշել են, որ «Արմավիայի» ծառայությունների լայնացման համար անհրաժեշտ ներդրումային միջոցներն արդարացված չեն: Նա, մասնավորապես, ասել է, որ իրենք չեն ցանկանում կորուստներ ունենալ ներդրումների հենց առաջին տարիներին և նախընտրում են գումարներ ստանալ ԱՊՀ երկրների էժան, բայց եկամտաբեր չվերթներից: Չապլինի խոսքով, «Արմավիայի» չվերթների ուղղությունների անսպասելի փոփոխությունը խոսում է այն մասին, որ այն հրաժարվում է Եվրոպայից: «Արմավիան» իր հինգ A 320 ինքնաթիռներից երեքը կփոխանցի Սիբիրյան ավիաուղիներին և կփոխարինի դրանք խորհրդային ինքնաթիռներով, որոնց թույլ չի տրվում վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում», – գրում է Օրդուեյը:
Դեսպանի այն հարցին, թե ինչու «Արմավիային» չի հաջողվել դառնալ արևմտյան ավիափոխադրող, Չապլինը պատասխանել է. «Երկու տնօրեններն էլ ռուսներ են»:
Նա նաև նշել է, որ ավիաուղիները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ գումարներն ավելին էին, քան ակնկալում էին կամ մտադիր էին ծախսել տնօրենները: