Բելառուսի Սլավգորոդ քաղաքում հողագործական աշխատանքներ կատարելու ընթացքում բարեկարգման աշխատանքներով զբաղվող խումբը կարմիր բանակի զինվորների աճյուններ է հայտնաբերել, որոնք զոհվել են Մեծ Հայրենական պատերազմի տարիներին: Ինչպես հայտնում է «Երկրամասը», երեք զինվորների աճյուններ են գտնվել, որոնցից մեկի անձը արդեն իսկ հաստատվել է զինվորական մեդալյոնի և անձնական իրերի (ատրճանակ, փամփուշտներ, լեյտենանտական համազգեստի մնացորդներ) շնորհիվ:
Ինչպես պարզվել է, մահացած լեյտենանտ Խաչիկ Չեխիկյանը ծնվել է 1918 թվականին Հայաստանում: Վերահուղարկավորման արարողությանը ներկա է գտնվել սպայի ազգական Սերգեյ Չեխիկյանը, ով պատմել է, որ անհետ կորած հարազատին իրենց ընտանիքում երբեք չեն մոռացել:
Կարմիր բանակի զինվորների աճյուններն այժմ հանգչում են եղբայրական գերեզմանատանը, որտեղ մինչ այդ 900 զինվորների մարմիններ էին թաղված: