Լիբիայի ղեկավար ընդդիմադիր ուժերը փորձելու են պարզել մոտ 50 այրված մարդկանց ինքնությունը, որոնց դիակները երեկ հայտնաբերվել են Տրիպոլիի մերձակայքում գտնվող պահեստում, որը, ականատեսների խոսքով, Քադաֆիի կողմնակիցների համար որպես բանտ է ծառայել:
Պահեստը գտնվում է այն ռազմակայանի տարածքում, որը ղեկավարում էր Քադաֆիի որդիներից մեկը: Ականատեսը պատմել է, որ պահեստում բազմաթիվ քաղաքացիական անձինք են եղել, երբ զինվորական համազգեստով մարդիկ սկսել են կրակել ու նռնակներ նետել դրա ուղղությամբ: BBC-ի թղթակցի փոխանցմամբ` էլ ավելի մեծ թվով դիակներ են հայտնաբերվել պահեստի տարածքից դուրս:
Ավելի վաղ ընդդիմադիր ուժերի առաջնորդները մտավախություն էին հայտնել, որ Քադաֆիի զորքերի ձեռքերում կարող են 50 հազար պատանդներ գտնվել:
Ուրբաթ Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում ընդդիմադիրները հայտնաբերել էին ավելի քան 200 փտող դիակներ: Բժիշկները լքել էին հիվանդներին ռազմական գործողությունների պատճառով: