Home / Հայաստան / Սարգսյանը հովանավորում էր Տեր-Պետրոսյանին հրեականացնող թերթերը. ԱՄՆ Պետդեպ

Սարգսյանը հովանավորում էր Տեր-Պետրոսյանին հրեականացնող թերթերը. ԱՄՆ Պետդեպ

2008 թվականի հունիսին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը գաղտնի փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որում նկարագրում է հայկական մամուլում առկա ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված մի շարք ակնհայտ հակասեմիտական հրապարակումներ:

«Մայիսի կեսերից սկսած իշխանամետ տպագիր մամուլը և պետական հանրային հեռուստաընկերությունը հակասեմիտական և հակամասոնական մեղադրանքներ են հնչեցնում նախկին նախագահ և ներկայիս ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Մեղադրանքների մեծ մասը փետրվարյան վիճելի նախագահական ընտրություններից առաջ և անմիջապես հետո հնչեցվող հայտարարությունների շատ ավելի խիստ տարբերակն են: Փոքր, իշխանամետ հայաստանյան հրեական համայնքը խորապես մտահոգված է այդ մեղադրանքների առնչությամբ`վկայակոչելով այն հանգամանքը, որ հակասեմիտական հռետորությունը Հայաստանում երբեք տեղ չի ունեցել: Փենինգթոնը մտդիր է այս հարցը բարձրացնել Հայաստանի պաշտոնյաների և Freedom House կազմակերպության եվրասիական բաժնի ղեկավար Դեյվիդ Քրամերի հետ հանդիպման ընթացքում:

Առաջին մեղադրանքները սկսեցին հնչեցվել մայիսի վերջին իշխանամետ ռուսալեզու «Գոլոս Արմենիի» և հայալեզու «Հայոց Աշխարհ» օրաթերթերում, որոնցից յուրաքանչյուրի տպաքանակը 3500-ի ցածր է:

Իմ ունեցած տվյալների համաձայն, նախագահ Սարգսյանը հովանավորում է երկու պարբերականներն էլ , նախկինում երկու օրաթերթերն էլ կապ են ունեցել Դաշնակցության հետ, որը ներկայումս կոալիցիայի անդամ է:

Մի քանի հոդվածներում ԼՏՊ-ն ներկայացվում է որպես դավաճան, հայտարարվում է, որ նա իրականում նվիրված է Արևմուտքին և, մասնավորապես, Իսրայելին և մասոններին: Երկու օրաթերթերում էլ տպագրված միանման հոդվածում, որը վերնագրված էր «Լևոն Հակոբ Տեր-Պետրոսյանը կամ Լևոն Ֆրայիմ Պլիսկովսկին – Հայ Ազգային Կոնգրես, թե՞ Հրեական կոնգրես», հեղինակը պնդում է, որ ԼՏՊ-ն գաղտնի հանդիպում է ունեցել ռուսաստանյան հրեա գործարարի հետ, որի ժամանակ նա ենթադրաբար 100-200 միլիոն ԱՄՆ դոլար է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար: Հեղինակը պնդում է, որ «հրեամասոնական լոբբին 65-70 միլիոն է » ծախսել միևնույն քարոզարշավի համար:

Հունիսի 12-ին «Հայոց աշխարհը» տպագրել էր հայտնի հայ պատմաբան և ճարտարագետ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցը, ով վստահություն էր հայտնում, որ ԼՏՊ-ն ընդդիմադիր առաջնորդ չէ, այլ դավաճան, քանի որ նա իր ելույթները հրեական դրոշի ներքո է կարդում: Նա պնդում էր, որ Մարդիկ ԼՏՊ-ին դավաճան չեն անվանում, քանի որ վախենում են նրա տերերից`Վաշինգտոնից և Թել-Ավիվից», – գրում է Փենինգթոնը:

Նա նշում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները զրուցել են Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ, ով նշել է, որ ցնցված է այդ հոդվածներից`դրանք սադրանք և հակասեմիտականության տարածման փորձ որակելով այնպիսի երկրում, որտեղ նախկինում նման հարձակումների որևէ դեպք չի գրանցվել: Նա հավելել է. «Վախենում եմ մտածել, որ այս ամենն իր արմատներն ունի իշխանություններում»:

Վարժապետյանը նշել է, որ մտադիր չէ հրապարակավ արձագանքել, թեև նա հավատացած է, որ այլատյացության հռետորությունը դատապարտելը Հայաստանի իշխանությունների պարտականությունների մեջ է մտնում: Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ մարդիկ սկսում են հավատալ այդ վտանգավոր ստին:

Նամակի վերջում Փենինգթոնը հետևյալ մեկնաբանությունն է անում.

«Հակասեմիտականությունը որպես քաղաքական գործիք կիրառելը նոր փորձ է հայաստանյան քաղաքական թատերաբեմում: Իշխանամետ տպագիր մամուլի կողմից օգտագործվող, ինչպես նաև Հանրային հեռուստաալիքի եթերից հնչող մեղադրանքները վկայում են, որ դա խրախուսվում և անգամ ղեկավարվում է ներկայիս իշխանությունների կողմից, որոնք որդեգրել են այդ քաղաքականությունը ընդդիմության առաջնորդին թուլացնելու նպատակով: Քաղաքական նպատակներին հասնելու համար հակասեմիտական պատմություն չունեցող երկրում նման երևույթ կիրառելը վտանգավոր և անպատասխանատու քայլ է»: