Անհայտ մարդիկ գրաֆիտիներ են պատկերել Մերիլին Մոնրոյի` Չիկագոյում գտնվող հսկա արձանի վրա, հայտնում է NBC Chicago-ն: Այժմ արձանի աջ ոտքին «Pi$tola», «Ariel» գրություններ և սրտի սխեմատիկ պատկերներ են հայտնվել:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի գիշերը: Դեռևս հաղորդագրություններ չկան այն մասին` արդյոք կասկածյալների ձերբակալություններ իրականացվել են, թե ոչ: Ըստ Sun-Times-ի` ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է տեսահսկման սարքերի կողմից իրականացրած ձայնագրությունները, որոնք կարող էին ֆիքսած լինել արձանը նախշազարդողներին:
Մոտ 8 մետր բարձրություն ունեցող Մերիլին Մոնրոյի արձանը տեղադրվել է Չիկագոյում 2011 թվականի ամռանը: Նրա հեղինակն է արվեստագետ Սյուարդ Ջոնսոնը, ով պատկերել է «Ցանկության 7 տարի» ֆիլմի` դասական դարձած դրվագը, որտեղ Մոնրոն կանգնած է քաղաքային մետրոյի օդափոխիչ համակարգի ճաղերի վրա: Հսկայական Մերիլինը պետք է Չիկագոյում մնա մինչ 2012 թվականի գարուն: