Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող Ծովինար Խաչատրյանը Epress.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իր ընտանիքն առայժմ դատական հայց չի ներկայացրել Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ:
«Եթե բանը հասնի դիվան բաշուն, անպայման դատի կտանք», – ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ մենք հայտնել էինք համացանցում «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տարածված տեսանյութի մասին, որտեղ առաջին անգամ ծննդաբերող 20-ամյա Թորոսյան Արմինեի հարազատները պատմում էին Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի անփութության և անուշադրության մասին:
Խաչատրյանը, ով ծննդաբերող աղջկա սկեսրոջ քույրն է, ասել է, որ դեռևս հայց չեն ներկայացրել, քանի որ «մի գյուղի բնակիչ ենք, հո իրար թշնամի չենք, բայց Մետաքսյան չպիտի աշխատի»:
«Մեր հարսը նորմալ հղիություն ա տարել, ոչ մի խնդիր չի ունեցել: Էդ Մետաքսյայի պատճառով ա, որ էսօր մեր էրեխեն 15 օր ա` կոմայի մեջ ա, բժիշկներն ասում են, որ գլխի 3-րդ ծալքի վրա արյան կուտակում կա, ասում են` էդ վերջ, էլ չի փրկվի, պրոստը էրեխու սիրտն առողջ ա, ապրում ա դեռ, չգիտենք` ինչ կլինի: Ծննդաբերության ժամանակ Մետաքսյան մեզ ասեց` գնացեք թել բերեք, 4000 դրամ արժի էդ թելը, բայց դե թելն ի՞նչ էր անում, եթե մեր հարսի վրա կարեր չկա, էդ թելը իրա գրպանը դրեց: Հետո ասեց` բա գնացեք յուղ բերեք կլիզմայի համար, մի կաթիլ ա կաթացրել, էդ էլ դրեց սումկի մեջ»,- պատմում է կինը:
Ծովինար Խաչատրյանը նաև ասել է, որ այժմ իրենց հարսը դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն լավ է զգում, իսկ ահա 3,5 կիլոգրամ տղա երեխան գտնվում է Երևանի 4-րդ հիվանդանոցի բժիշկների վերահսկողության տակ:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ ասել է, որ նախարարի հրամանով աշխատանքային խումբ է կազմվել:
«Նրանք գնացել են հիվանդանոց` գնահատելու երեխայի վիճակը, ինչպես նաև մեկնել են Վայք: Այս պահի դրությամբ հավելյալ ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Հունանյանը: