Անցած ուրբաթ ԼՂՀ Պաշտպանության բանակում մահացած 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով կան երկու ձերբակալվածներ` մեկ սպա և մեկ զինվոր: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Կարապետյանը, սակայն, հրաժարվել է անուններ նշել` ելնելով գործի շահերից:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ շաբաթ օրը դեպքի վայր` «Եղնիկներ» կոչվող զորամաս են մեկնել Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյանը և պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը` Աղասի Աբրահամյանի մահվան գործի նախաքննությունը անձամբ իրենց վերահսկողության ներքո պահելու համար: