Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնություններ չի հաղորդել կապված ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի ձերբակալության գործով` նշելով միայն, որ վարույթը գտնվում է ՀՀ Հատուկ Քննաչական ծառայությունում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Օհանյանը մեղադրվում է վառելիքի յուրացման մեջ Epress.am-ը հարցրել է Մալխասյանին, թե արդյոք ոստիկանությունը չի ստացել բողոքներ շարքային ոստիկաններից:
Մալխասյանը բացասական պատասխան է տվել` ավելացնելով.
«Համենայնդեպս, ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը չի ստացել»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը Մարգար Օհանյանի գործով չի հարցաքննվել:
Սարգսյանը չի ցանկացել մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց ինքն է զբաղեցնելու Օհանյանի պաշտոնը:
«Մենք զինվորական ծառայողներ ենք։ Թե ով որտեղ կծառայի, որոշում է ոստիկանության ղեկավարությունը։ Մենք հրամաններ ենք կատարում։ Եթե որոշեն, որ ես պետք է ծառայեմ Ամասիայում, ես կգնամ ու կծառայեմ Ամասիայում: Նման խոսակցություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է ցանկություններին, ամեն մարդ կարող է ցանկություններ ունենալ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) երեկ ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։