Այս տարի` կապված դպրոցներում շրջանավարտների բացակայության հետ, հայաստանյան բոլոր բուհերում դիմորդների թիվը կտրուկ նվազել է:
Երևանի պետական համալսարան այս տարի ընդունվել է ընդամենը 693 դիմորդ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` դիմորդների մեծ մասը զբաղեցրել է անվճար տեղերը, հիմնականում իրավաբանական, պատմական ֆակուլտետներ, նաև միջազգային հարաբերությունների, հայկական բանասիրության, կիրառական մաթեմատիկայի և օտար լեզուների ֆակուլտետներ:
Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրատվության վարչությունից Epress.am-ին տեղեկացրել են, որ այս տարի իրենք ընդունել են 475 դիմորդի: 70 դիմորդ էլ, որոնք Ջավախքից են, այս պահին քննություններ են հանձնում: Եվս 1200 ուսանող ընդունվել է մագիստրատուրայի բաժին:
Մանկավարժական համալսարանում կան մասնագիտություններ, որտեղ դիմողներ ընդհանրապես չեն եղել: Այդ մասնագիտություններն են` տիֆլոմանկավարժություն, շտկող մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, տեխնոլոգիա և ձեռնարկչություն, բնագիտություն, իսպաներեն, էկոլոգիական քիմիա, գրադարանային տեղեկատվական աղբյուրներ: Ռադիոլրագրության խումբ ևս չի ստեղծվել, քանի որ այդ մասնագիտությունն ընտրել է երեք հոգի, ում միացրել են հեռուստալրագրության խմբին:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն այս տարի 86 դիմորդ ունի: Համալսարանից մեզ տեղեկացրեցին, որ ևս 11 մարդ դիմել է արտասահմանից: