Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դուրս գալով կենտրոնական մուտքից, հայտնվել է լրագրողների և քաղաքացիների շրջափակման մեջ: Ալիկ Սարգսյանի զրույցը մարդկանց հետ սկսվեց նրանից հետո, երբ շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը գոռաց` «Ամոթ»:
Ոստիկանապետը հարցրեց գոռացողին` «Ինչի՞ ամոթ», որից հետո մոտեցավ մարդկանց և ասաց.
«Վերջերս թաքնված տեսախցիկը ստեղ նկարում էր, ասում էին` դուք դեմ եք, թե կողմ, ասում ա` ինչին, ասում ա` կապ չունի, դեմ եմ: Իսկական հիմա դուք եք»:
Դրանից հետո սկսվեց լրագրողների և հավաքված մարդկանց զրույցը ոստիկանապետի հետ:
Խոսելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, առանձնակի խոշոր հափշտակումների մեջ մեղադրվող Մարգար Օհանյանի ձերբակալության մասին` Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ այդ առիթով որևէ կանխատեսում չի ցանկանում անել:
«Այս պահին, գիտեք, Մարգար Օհանյանը ձերբակալված է, քննություն է կատարվում, ես որևիցէ բան մեկնաբանել, կանխատեսել չեմ կարող»,- ասել է ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանը կտրականապես հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքն Օհանյանի հետ համատեղ բիզնես ունի:
«Ես երբեք նրա հետ բիզնեսով չեմ զբաղվել, թե էդ ովքե՞ր են նման բաներ հորինել, չգիտեմ»,- ասել է նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նախորդ շաբաթ ՀՀ նախագահի նստավայրում կայացած դատաիրավական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրահանգել է «մաքրել շրջապատը», ՀՀ ոստիկանապետն ասել է.
«Ոչ, էդպիսի կոչ ինձ չի եղել, ես իմ գործը գիտեմ, հատուկ կոչեր պետք չեն, էդ կոչը հնչել է շատ վաղուց, երբ հայտարարվեց պայքար էս երևույթի դեմ, ես իմ գործը նորմալ կատարում եմ այս պահին: Նման դեպքերում ես նույնիսկ ընկերոջ չեմ խնայի, նույնիսկ բարեկամի, ոչ մեկ իրավունք չունի դրանով զբաղվելու, չեմ խնայի ու չեմ խնայելու հետո, թող բոլորն իմանան, թող իրանց նորմալ պահեն: Էսօր երկրում էն վիճակն է, որ դրանով զբաղվելը իսկական հանցագործություն է և քրեորեն պատժելի արարք»,- ասել է Սարգսյանը: