Հայ Ազգային Կոնգրեսը ողջունել է լիբիական ժողովրդի հաղթանակը և պահանջել է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձևավորված նոր իշխանությանը։
Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից ևս մեկը, այս անգամ Լիբիայում։ Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տևական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որևէ ունակությունից։ Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն դառնալու և ազատ հասարակություն դառնալու հնարավորություն՝ ի շահ իր յուրաքանչյուր քաղաքացու։ Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները՝ անկախ դրա իրականացման ձևից», – նշում են ՀԱԿ-ի հայտարարության հեղինակները։