Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադարձել է օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
«Էդ երկխոսություն կոչվածը, եթե պիտի Տիգրան Առաքելյանի նմանի պատճառով դադարեցվեր, ավելի լավ էղավ, որ տենց եղավ, ուրեմն չպիտի ըլներ էդ երկխոսություն ա, ինչ ա», – ասել է ՀՀ ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ, հաշվի առնելով Տիգրան Առաքելյանի բանտում գտնվելու հանգամանքը և նրան քաղաքական պատանդ համարելով, Կոնգրեսն առկախել է ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե փոխվի Առաքելյանի խափանման միջոցը: Առաքելյանի հետ ձերբակալված ևս 6 ակտիվիստների բաց են թողել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Ալիկ Սարգսյանը նշել է, որ այս տարվա օգոստոսի 9-ին Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր կադրերը ներկայացվել են քննության:
«Ես ինչ ունեի, այսպես կոչված, հում մատերիալը տվել եմ, ով ինչքան կարեցել էր, նկարել էր` հեռախոսներով բանով»,- ասել է Սարգսյանը` նկատի ունենալով ոստիկանական բաժնում երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ նկարահանված կադրերը:
Երբ լրագրողները նկատել են, որ նկարահանված նյութի տևողությունը մոտ 4 ժամ է, իսկ հանրությանը ներկայացվել է ընդամենը 8 րոպե, Ալիկ Սարգսյանը պատասխանել է.
«Հիմա շուտով ժամանակ կունենամ, կգնամ հանդիպման ու իմ հետ էդ ամբողջ նյութը կտանեմ ու կհետևեմ, որ լրատվամիջոցը (նկատի ունի ցանկացած լրատվամիջոց) ոչ թե դնի արդեն պատրաստի նյութը, այլ ինքն ընդգրկի էն մասը, որը պատահական կմիացնի: Էս ամբողջը մի ընդհանուր պատկերը, մեկը մյուսից առանձնապես չի տարբերվում, ուղղակի նենց ամոթալի, անհասկանալի, ճղճիմ կադրեր կան»,- հավելել է նա:
Պատասխանելով Epress.am-ի թղթակցի այն հարցին, թե, ըստ ոստիկանապետի, Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հարցը քաղաքական, թե իրավական դաշտում է, Սարգսյանն ասել է.
«Իմ խորը համոզմամբ` Տիգրան Առաքելյանի հարցը իրավական դաշտում է, քաղաքական որևէ խնդիր չկա, ոնց որ մարդը խուսափի բանակից, ասեն` էդ քաղաքական խնդիր ա:
Տիգրան Առաքելյանի հարցով հարուցված է քրեական գործ 316 հոդվածով` խուլիգանություն, ինչ կապ ունի ըտեղ քաղաքականությունը: Ժամանակները փոխվել են, էսօր ուզելով ոչ մեկին չեն դատում, դատում են փաստերի հիման վրա: Ինչի եք կարծում, որ ես ձեզնից վատ քաղաքացի եմ, էս երկրի համար էլ ձեր չափ չէ, շատ ավելի բան եմ արել, քան դուք կարծում եք: Եվ հիմա էլ իրավունք ունեմ ցանկացած տեղ խոսել` առանց որևիցե մեկից ամաչելու: Ոչ մեկից վատ հայ չեմ, էլ չեմ խոսում իմ գործի մասին: Իսկ իմ գործը հանգիստ թողեք, հասարակությունը շատ լավ գիտի իմ մասին, ինձ շատ լավ են ճանաչում»:
Ալիկ Սարգսյանն անդրադարձել է նաև հասարակության և ոստիկանության կապին` նշելով, որ այս երկուսը հնարավոր չէ անջատ դիտել.
«Ամեն ոստիկանություն արժանի ա իրա հասարակությանը, ամեն հասարակություն արժանի ա իրա ոստիկանությանը, էդ միշտ հիշեք: Ոստիկանության մեջ բարձր իդեալներ, գաղափարներ եք ման գալի, ընգել եք ոստիկանության մեջ ինչ-որ եվրոպական բաներ եք ման գալիս, ինքներդ էդ մոդելը ձեր մեջ ձևավորեք:
Ես հիմա հայտարարում եմ` ոստիկանությունն ամեն ինչ անում ա, հանգիստ եղեք, ուրիշ գործընթացներում մեզ մի ներքաշեք, հանգիստ թողեք ձեր քաղաքականությունը: Տիգրան Առաքելյաններին մի կապեք մեր հետ, մենք մեր գործն ենք անում, մի էկեք, ընգեք մեր ափսեի մեջ: Դուք ուզում եք, որ իմ ոստիկանները Տիրան Առաքելյանի նմանին տեսնեն ու խուսափեն շփվելուց… չեն խուսափելու, ես նման հրահանգ չեմ տվել: Եվ վերջապես էդ մարդկանցով երկիր չենք կառուցելու… հանգստացեք, էդ ճիշտ ուղին չի»,- բարձր տոնով ասել է Ալիկ Սարգսյանը: