2006 թվականին ԱՄՆ Պետդեպին ուղարկված փաստաթղթում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պատմում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:
Էվանսի խոսքով` Գագիկ Ծառուկյանն անկասկած գունեղ քաղաքական դեմքերից է Հայաստանում:
«Մինչ վերջերս Ծառուկյանը իրեն հետ էր պահում մեծ քաղաքականությունից, չնայած Ազգային ժողովի պատգամավոր էր: Նրա ստեղծած քաղաքական խումբը` «Բարգավաճ Հայաստանը» թափ է հավաքում, և ակնկալվում է, որ այն կդառնա տաքացող քաղաքական շրջանում ամենակարևոր գործոններից մեկը: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նպատակն է ֆինանսապես օգնել պրոֆեսիոնալ օրենսդիրներին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց աշխատնքի վրա, և ոչ թե օգտագործեն իրենց դիրքը գումար «սարքելու» համար: Ծառուկյանի նպատակները հայաստանյան էլիտայում շատերի կողմից հարցականի տակ են դրվում », – գրում է Էվանսը:
ԱՄՆ դեսպանը նշում է, որ Ծառուկյանի անձնական ոճը, որը ստիպում է Դոնալդ Թրամփին (ամերիկացի միլիարդատեր – խմբ.) որպես էսթեթ ընկալել, անկասկած համուհոտ կավելացնի երևանյան քաղաքական բեմին:
Էվանսը նաև պատմում է, որ Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է որպես «Դոդի Գագո», և նրան ամենուր այդպես են անվանում, բացառությամբ երբ շփվում են նրա հետ դեմ առ դեմ: Փաստաթղթում ԱՄՆ դեսպանը նաև մանրամասն նկարագրում է Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհը և բիզնեսները, պատմում է առյուծների նկատմամբ նրա սիրո մասին:
Կուսակցությունը հիմնելուց հետո Ծառուկյանն ավելի հաճախ է սկսել երևալ քաղաքական ասպարեզում, որից հետո էլ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները պայմանավորվել են հանդիպման մասին: Գագիկ Ծառուկյանը նրանց հրավիրել է Երևանի հյուսիսում գտնվող իր տուն:
Էվանսը պատմում է, որ Գագիկ Ծառուկյանն իրենց դիմավորեց ջինսերով և սվիտերով, նրա հետ էր ԱԺ «Արդարություն» խմբակցության Վիկտոր Դալլաքյանը:
«Դալլաքյանը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղեղը: ԲՀԿ-ի պլատֆորմը գրվել է կոմիտեի կողմից, որը ղեկավարում է Դալլաքյանը: Քաղաքական մեկնաբաններն այն գնահատում են որպես հավասարակշռված, բիզնեսին միտված ծրագիր, որտեղ նոր գաղափարներ կան առ այն, որ բոլոր հայաստանյան բիզնեսները պետք է վճարեն հարկերի իրենց բաժինը: Ծառուկյանն ասաց, որ անկախ կուսակցության արդյունքներից, ինքը չի ցանկանա բարձր պաշտոն զբաղեցնել կառավարությունում, անգամ կարող է պատգամավորի տեղ չզբաղեցնել հաջորդ գումարման ԱԺ-ում: Նա միանգամից ընդունեց, որ ինքը հաճախ բացակայում է Ազգային Ժողովի նիստերից` ասելով, որ «Ծառուկյանն այն մարդը չէ, որ կոճակ է սեղմում»», – ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում գրում է Ջոն Էվանսը:
ԱՄՆ դեսպանը նշում է նաև, որ անկախ այն փաստից, սիրում են իրենք Ծառուկյանին, թե ոչ, վերջինս «կարևոր խաղացող է լինելու Հայաստանի քաղաքական կյանքում հաջորդ ընտրություններից հետո»:
«Նրա համար, հավանաբար, շատ ավելի հեշտ է լինելու նույն տեղում հավաքել այն տիպի օլիգարխներին, որոնք արդեն իրենց դիրքն ունեն ընթացիկ խորհրդարանում: Բայց դա գրեթե ոչինչ չի փոխի սեփական շահերը հետապնդող, ոչ պրոֆեսիոնալ հայաստանյան խորհրդարանում: Շատ ավելի դժվար, և, հավանաբար, անհնարին է լինելու Ծառուկյանի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խնդիրներ լուծող խումբ դարձնել հաջորդ խորհրդարանում», – իր նամակը եզրափակում է Էվանսը: