2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին գաղտնի փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որտեղ գրում է իշխանամետ երկու թերթերի` «Հայոց աշխարհի» և «Գոլոս Արմենիի» մասին: Փաստաթուղթը ներկայացնում է Wikileaks-ը:
«Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկու իշխանամետ թերթեր պարբերաբար հոդվածներ են հրապարակում, որտեղ խիստ քննադատության են ենթարկվում Միացյալ Նահանգներին, այլ արևմտյան ծրագրերն ու հասարակական կազմակերպություններին: «Հայոց աշխարհ» և «Գոլոս Արմենիի» թերթերը մեղադրում են Միացյալ Նահանգներին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, պնդում են, որ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ, Ազգային Դեմոկրատական Ինստիտուտը, «գունավոր հեղափոխություն» են խթանում երկրում», – նշած է փաստաթղթում:
Գոդֆրին նշում է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, իշխող Հանրապետական կուսակցության, մասնավորապես, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից ֆինանսական աջակցություն ստացող երկու թերթերն էլ վերջին տարիներին ավելի նվազ քննադատական էին ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն «այժմ կրկին վերադառնում են իրենց նախկին դիրքորոշմանը»:
«Այս փոփոխությունը սկսվեց 2007 թվականի հունվարին, երբ երկու թերթերն էլ միանման հոդվածների հրապարակեցին, որոնցում քննադատվում էր ԱՄՆ կառավարության քաղաքականությունը:
ԱՄՆ-ի հանդեպ թերթերի դիրքորոշումների փոփոխությունը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով և այն մտավախությամբ, որ ընտրություններին աջակցող արտաքին ուժերը կարող են խոցելի դարձնել իշխող կուսակցության հաջողությունը: Հարկ է ընդգծել վարչապետ Սերժ Սարգսյանի կապը թերթերի հետ, հատկապես այն պայմաններում, երբ Սարգսյանը վերջերս հրապարակավ հայտարարություններ է անում այն մասին, թե երկրում ազատ և թափանցիկ ընտրություններ պետք է կայանան` միաժամանակ հաստատելով` «Ես ԱՄՆ-ի կողմից քաղաքական ճնշման դեպք չեմ հիշում»: Շատ վերլուծաբաններ նշում են, որ այս թերթերից և ոչ մեկը չէր կարող նման քննադատության ենթարկել ԱՄՆ-ին առանց իշխող էլիտայի առնվազն լուռ համաձայնության: Համապատասխանաբար, մենք չենք կարող չհավատալ, որ այս հակաամերիկյան տրամադրվածությունը ցույց է տալիս, որ հայաստանյան առաջնորդները մտահոգված են մեր ժողովրդավարական ծրագրերի հաջողությամբ», – գրում է Գոդֆրին: