Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Վայքի ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Ծննդաբերող 20-ամյա Թորոսյան Արմինեին հարազատները օգոստոսի 14-ին բերել են ծննդատուն, սակայն աղջկան դիմեդրոլ ու անալգին են սրսկել և ուղարկել տուն, քանի որ գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղված էր տանը բուրդ չփխելով:
Արդյունքում` երխան ծնվել է ուշացումով, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ են ծագել:
«Մեր հարսը նորմալ հղիություն ա տարել, ոչ մի խնդիր չի ունեցել: Էդ Մետաքսյայի պատճառով ա, որ էսօր մեր էրեխեն 15 օր ա` կոմայի մեջ ա, բժիշկներն ասում են, որ գլխի 3-րդ ծալքի վրա արյան կուտակում կա, ասում են` էդ վերջ, էլ չի փրկվի, պրոստը էրեխու սիրտն առողջ ա, ապրում ա դեռ, չգիտենք` ինչ կլինի», – ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում պատմել է ծննդաբերող աղջկա սկեսրոջ քույրը` Ծովինար Խաչատրյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ իրենց հայց չեն ներկայացրել Հովհաննիսյանի դեմ, քանի որ «մի գյուղի բնակիչ ենք, հո իրար թշնամի չենք, բայց Մետաքսյան չպիտի աշխատի»:
«Եթե բանը հասնի դիվան բաշուն, անպայման դատի կտանք», – ասել էր Խաչատրյանը:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ տեղեկացրել էր, որ նախարարի հրամանով աշխատանքային խումբ է կազմվել: