Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորումը դարձել է հումորի թեմա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոց է այցելել և երեխաներից մեկին հարցրել է, թե ինչ է ուզում նա դառնալ: Երեխան պատասխանել է` ոստիկան, ինչին ԱԺ նախագահն արձագանքել է` «գործ չունես, ոստիկաններին բռնում են»:
Օրաթերթի տեղեկություններով, այս հումորը բավական թանկ է նստել Հովիկ Աբրահամյանի վրա` դառնալով «վերևներում քննարկման թեմա»: Նրան մեղադրում են, որ պետական պաշտոնյայի մակարդակով նա ձեռք է առել «լուրջ գործընթացը»:
Երեկ «Հրապարակի» թղթակիցը Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարից փորձել է ճշտել, թե ինչ է նկատի ունեցել Աժ նախագահն այդ արտահայտությունն անելով, և ի պատասխան թերթին փոխանցել են, որ նա «ընդամենը հումոր է արել, առանց որևէ ենթատեքստի»: