Հայաստանում սուպերմարկետների քանակով խոշորագույն «Սթար» ցանցը պայմանավորվածություն է ձեռք բերել գնել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը:
Գործարքի գինը կողմերն առայժմ չեն հրապարակում:
Epress.am-ի հետ զրույցում «Սթար» ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշեց, որ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համաձայնությունը և վերջնական փաստաթղթերի ստորագրումը:
««Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնումը «Սթարին» հնարավարություն կտա մեծացնել վաճառքի ծավալները, էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը նոր միավորված ցանցում», – նշել է Քերոբյանը:
Քերոբյանը նաև հայտնեց, որ մոտ ապագայում «Սթարը» պաշտոնապես կհրապարակի գործարքի մանրամասները:
Նշենք, որ «Սթար» ցանցը 17 սուպերմարկետ ունի Երևանում և 1 սուպերմարկետ Հրազդան քաղաքում: «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցն ընդգրկում է 4 «Ֆրեշ» և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: