Home / Հայաստան / «Եղնիկներում» սպանության մեջ մեղադրվող զինծառայողին կալանավորեցին. ՊՆ

«Եղնիկներում» սպանության մեջ մեղադրվող զինծառայողին կալանավորեցին. ՊՆ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 5-ին բավարարել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին: Նախնական տեղեկությունների համաձայն, մահվան պատճառ է դարձել ծեծը: Նա կռիվ է արել մեկ այլ զինծառայողի հետ, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Աբրահամյանին տեղափոխել են բուժկետ, որտեղ բուժկետի ղեկավարը ծեծի է ենթարկել Աբրահամյանին` պատաճառաբանելով, որ վերջինս սիմուլյացիայի է դիմում: Դրանից հետո Աբրահամյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Այժմ նախաքննությունը պետք է պարզի, թե որ վնասվածքներն են մահացու եղել երիտասարդի համար: Բացի դա, բուժկետի ղեկավարը մեղադրվում է նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: