Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երևանում, Հայ Առաքելական Եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից դարձել է «Կյանքի Խոսք»-ի հավաքատեղի: Այս մասին ահազանգել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամները նշում են, որ եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա անհավատալի հետևանքները:
«Ի հավելումն, լքված և անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաև կռվատեղի թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու եկեղեցին ունի դուռ (թեև անարվեստ) և կողպեք. իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ, ի դեպ մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:
Այս իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմն են: Այս իրավիճակը ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից և կարծումենք կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարդկանց համար չի կարելի ի ցույց դնել ավելի խոսուն պատճառներ»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: